ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

«Մոսկվայից շուտ վերադարձա»․ ինչ է պատահել Սոֆի Դևոյանին. տեսեք ինչ է նա պատմում

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն օրերս Մոսկվայից վերադարձել է Հայաստան, քանի որ Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտը, որտեղ սովորում է նա, անցել է հեռավար ուսուցման։ Դերասանուհին այստեղ փորձում է հնարավորինս հետաքրքիր կազմակերպել իր առօրյան՝ չնայած, նրա խոսքով, դժվար է համակերպվել պասիվ գրաֆիկին։


«Օրգանիզմս ու մասնավորապես ուղեղս դեռ չեն հարմարվում այս իրավիճակին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին։


Սոֆիի խոսքով՝ ողջ օրը տանը մնալու միտքն իր համար շատ բարդ է․ «Անկեղծ եմ ասում, չեմ մտաբերում դեպք, որ ես այսքան երկար ժամանակ տանը եղած լինեմ։ Իհարկե դեպքեր եղել են, երբ մեկ կամ երկու օր պասիվացել եմ, բայց ոչ այսքան։ Ես Մոսկվայից նոր եմ վերադարձել, այնտեղի ակտիվ կյանքից հետո միանգամից հանգիստ վիճակը դեռ անսովոր է»։

Դերասանուհին ասաց, որ փորձում է նման իրավիճակում դրականն էլ չանտեսել․ «Այս ամենի մեջ հաճելի բան էլ կա, քանի որ կարողանում եմ երկար շփվել ընտանիքիս անդամների հետ։ Հատկապես Մոսկվայում ապրելուս վերջին ամիսներին գրեթե չէի կարողանում շփվել նրանց հետ։ Հիմա վայելում եմ համատեղ ժամանակը»։

loading...

Սոֆին նշեց, որ Մոսկվայում ևս խուճապային վիճակ էր, սակայն մինչ իր վերադարձն այնտեղ համեմատաբար հանգիստ է եղել․ «Խուճապն ամեն տեղ է։ Ես հասցրի Մոսկվայից շուտ վերադառնալ ու չընկնել խուճապի ալիքի տակ։ Խուսափեցի Ռուսաստանի խուճապից, սակայն վերադարձա ու Հայաստանում սկսվեց նույն խուճապը։

Բնականաբար, անհանգստություն, ինչ֊որ չափով վախ կա, որովհետև, ինչպես հասկացանք, վիրուսը բավականին արագ է տարածվում։ Ուղղակի պետք է զգույշ լինել ու պահպանել հիգիենայի կանոնները։ Ամեն դեպքում, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ որևէ տեղ հանգիստ լինել հնարավոր չէ»։

Դերասանուհին նշեց, որ փորձում է համակարգել իր առօրյան և հնարավորինս օգտակար անցկացնել ժամանակը․ «Մեզանից որևէ մեկը հստակ չգիտի, թե երբ կվերադառնանք համալսարան։ Հեռավար կրթությամբ ենք անցկացնում մեր դասերը։ Օնլայն տարբերակով փորձում ենք սովորել ու ծրագրից հետ չմնալ։ Բայց դեռ կոնկրետ չգիտեմ, թե երբ կվերադառնամ Մոսկվա»։

Խոսելով իր ներկայիս պասիվ զբաղմունքների մասին՝ Սոֆին նշեց, որ տատիկի հետ հետաքրքիր ձևաչափ են մտածել․ «Ինչպես կրթական, մշակութային մյուս համալիրները, այնպես էլ պարի մեր դպրոցը հիմա չի գործում, բայց ես և տիկին Դևոյանը մեր աշակերտների հետ շարունակում ենք ակտիվ շփումը։ Քանի որ մեզ մոտ համերգային շրջան էր ու բեմադրություններ ունեինք, երեխաները մեզ համար տեսանյութեր են պատրաստում, իրենք են փորձում ինչ-որ նոր բեմադրություններ անել և ուղարկում են մեզ։

Հիմա հիմնականում դրանով եմ զբաղվում։ Դեռ չեմ հասցրել բոլոր հոլովակները դիտել, սակայն ավելի ուշ կտեղադրեմ նաև մեզ մոտ։ Սա կարևոր է, որպեսզի երեխաները ծրագրից հետ չընկնեն, չմոռանան սովորածն ու իրենց մարմինն էլ պահպանի մարզավիճակը։ Սա մեր պասիվ առօրյայի հետաքրքիր հատվածներից է»։

Հեղինակ Զառա Ղազարյան

Facebook Comments