Ինչպես վերականգնել ձեռքերի վրա առաջացած ճաքերը. Օգտակար խորհուրդներ՝ ձեռքերի խնամքի համար


loading...

Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլեւ բնավորության մասին: Որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, ապա, ըստ մասնագետների` անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ավելին` ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:


Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ` կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է:

Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Բացի ջրից, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ յուրաքանչյուր շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել:

Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ այն 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա՝ ոչ թե օգնում է, այլ` վնասում: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորացմանը: Իսկ եթե ձեռնոց հագնելու խիստ անհրաժեշտություն է զգացվում, ապա պետք է օսլա քսել ձեռքերին: Շատերն ընդհանրապես չեն կարողանում ձեռնոցով որեւէ աշխատանք կատարել:

Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Այդ պատճառով պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ թթվայնություն: Առաջին հերթին սառը եւ ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցների դուրս գալ: Ինչպես նաեւ` ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող դիմակները: Դրա համար կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով դիմակը:

Այն կարելի է նաեւ համարել կոմպրես:

Ձեռքերի դիմակ-կոմպրեսն անպայման պետք է դնել մաքուր ձեռքերի վրա, եւ 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Գազարից պատրաստված դիմակը եւս շատ լավ է ձեռքերի մաշկին: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացնել գազարի կոշտ մասերը եւ ստացված հյութին խառնել 1 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ ու լավ խառնել:

Կարելի է նաեւ կեղեւով եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել 50 գրամ կաթ եւ 1 թեյի գդալ ձեթ: Զեյթունի ձեթը շատ արագ վերականգնում է ճաքճքած մաշկը: Եթե հնարավորություն ունեք ու կարող եք դիմանալ, ապա այս կոմպրեսը կարելի է թողնել ամբողջ գիշեր: Դիմակի ազդեցությունն ավելի է արագանում, եթե պրոցեդուրայից առաջ ձեռքերը 2-3 րոպե թողնում եք ջրի մեջ:

Եթե ձեր ձեռքերը կարմրելու հատկություն ունեն, ապա կարելի է գիշերը կաղամբի թեւ դնել: Երբեք պետք չէ թափել այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք շատ լավ հակաբակտերիալ ու փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի մետաքսի նման նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի:

Տնային պայմաններում նույնիսկ կարելի է պատրաստել քսուքներ ու լոսյոններ: Օրինակ` ձեռքերի վրա առաջացած ճաքերը շատ շուտ վերականգնում է հետեւյալ բաղադրատոմսով պատրաստված լոսյոնը. վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզնալեզվի եւ կալենդուլայի չորացրած խոտաբույս ու վրան լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, քամել եւ խառնել 1 ճաշի գդալ գլիցերին:

Ստացված հեղուկը կարելի է ձեռքերին քսել օրը 2-3 անգամ: Վերջինիս կարելի է խառնել նաեւ մի քիչ սերուցքային կարագ:

Եթե ձեռքերի վերեւի հատվածում անհարթություն կա` սագամաշկ է, կարելի է խոզանակով ու օճառափրփուրով ոչ շատ գրգռող մերսում անել` երեկոյան ու առավոտյան: Ընդամենը 1 շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ:

Կանանց մեծ տհաճություն է պատճառում հատկապես արմունկների կոշտացած ու կարմրած մաշկը: Այս դեպքում կարելի է արմունկներին կիտրոն քսել ու արմունկը մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ, ոչ միայն ձեռքերի, այլ նաեւ ամբողջ մարմնի համար հիանալի սկրաբ է հանդիսանում սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:

Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը` այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Եղունգների հարդարումը պետք չէ վստահել ամեն մեկին, որովհետեւ այն շատ գրագետ եւ պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում` եղունգին ճիշտ ձեւ տալը, եղունգի ավելորդ մսերը ճիշտ ձեւով հեռացնելը…: Իսկ եղունգները պահելն արդեն ձեր գործն է: Անհրաժեշտ է այն միշտ խարտոցով մշակել, իսկ դրանից հետո միշտ պետք է եղունգներին փափկեցնող քսուք քսել: Համապատասխան գործիքով պետք է միշտ հետ տանել ավելորդ մսերը: Արդյունավետ նշանակություն ունեն կուտիկ-գելերը, որոնք ամրացնում են եղունգների արտաքին շերտը:

Եղունգները միշտ պետք է լաքապատած լինեն, քանի որ այն պաշտպանիչ շերտ է հանդիսանում եղունգների համար: Իսկ լաքն անպայման պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով:

Եղունգները չշերտազատվելու համար պետք է անպայման ընդունել վիտամին A կամ վիտամին A պարունակող սննդամթերք: Ի դեպ, արհեստական եղունգները փչացնում են բնական եղունգները:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

loading...

loading...